Հասարակական ակնկալիքները

5 ր.   |  2019-06-19

Մեծ խնդիրների ու կարճ ժամանակի անհամարժեքությունը

2 018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ի վերջո հանգեցրին քաղաքական իշխանության փոփոխության, մեծ հաշվով դասական քաղաքագիտության օրինաչափությունների սահմաններից դուրս չեն։ Ունեինք մի պատկեր, երբ նախկին իշխանությունների նկատմամբ հսկայական դժգոհությունը հասավ գագաթնակետին, ինչն էլ ապրիլյան իրադարձություններով պայմանավորված՝ հանգեցրեց իշխանափոխության։

Հարցն այն չէ, թե ինչպիսին էր իրականում ՀՀԿ-ի իշխանությունը և կառավարման ու տնտեսական քաղաքականության ինչ թերացումներ ուներ։ Հարցն այդ ամենի ազդեցությունն է հասարակության վրա և դրանց նկատմամբ ձևավորված հանրային ընկալումները։ Այս մոտեցումը մեզ համար կարևոր է, քանի որ, նույն պրիզմայով դիտարկելու դեպքում, մենք կարող ենք բացատրել այսօրվա ներքաղաքական գործընթացներն ու հասարակական վերաբերմունքը։

Հեղափոխությունն իր հետ բերեց սպասումների մեծ ալիք, որը շարունակվում է մինչ օրս։ Որքան շատ էին կուտակված խնդիրները, այնքան մեծ էր ակնկալիքը նոր իշխանությունից։ Նկատենք, որ կուտակված խնդիրները մեծամասամբ ֆունդամենտալ էին ու դրանցում տեղաշարժ հնարավոր չէր արձանագրել մի քանի ամսվա, անգամ՝ մեկ տարվա ընթացքում։

Օրինակ՝ Արցախի հիմնահարցը, որը մեր հասարակական համախառն ռեսուրսից խլում է մի մեծ հատված՝ ընդհանուր մտահոգություններ, ներքին ու արտաքին լարվածություն, պատերազմի վերսկսման սպասում, մեծ չափի ֆինանսական ու դիվանագիտական ռեսուրս, տեղեկատվական դաշտի, հանրային ուշադրության մի զգալի հատվածի մշտական զբաղվածություն և այլն։  

Աղքատության բարձր մակարդակն ու սոցիալական այլ խնդիրների լուծումը ևս տևական ջանք է պահանջում, քանի որ ուղղակիորեն կախված է բյուջեից սնվող հաստատությունների աշխատավարձի բարձրացումից, այսինքն՝ պետական բյուջեի մուտքերի, ֆինանսական շրջանառության ավելացումից ու մասնավոր հատվածի աշխուժացումից:

Կենսաթոշակների բարձրացումը նույնպես ուղղակիորեն կապված է պետական բյուջեի ավելացման հետ, ինչն էլ կարող է տեղի ունենալ հիմնականում հարկային մուտքերի ավելացման հաշվին։ Հարկային մուտքերի ավելացումն էլ, իր հերթին, պայմանավորված է ներդրումների ծավալի աճով ու մասնավոր հատվածի աշխուժացումով։

Այսինքն՝ սոցիալական խնդիրների լուծման հարցում մեծ տեղ է զբաղեցնում ներդրումների աճը, ինչը պահանջում է քաղաքական կայունություն, իրավական ոլորտի կարգավորում, տնտեսական գրավչություն։

  1. Քաղաքական կայունության հաստատումը հետհեղափոխական ցնցումներից հետո, ինչն, ի դեպ, Հայաստանում անհամեմատ տանելի էր, քանի որ նախկին իշխանությունները չգնացին կտրուկ ուժային գործողությունների, որոշակի ժամանակ է պահանջում։ Եվ դա օբյեկտիվորեն, քանի որ արտաքին ներդրողներին ժամանակ է պետք համոզվելու, որ իրականում քաղաքական ու տնտեսական մթնոլորտը բարենպաստ է ներդրումների համար։
  2. Իրավական ոլորտի խնդիրներ, անարդարության զգացողության հաղթահարում, կոռումպացված համակարգերի կարգավորում։ Մի կողմից աղմկահարույց դատական գործերի վերաքննում՝ օրենքի սահմաններում, մյուս կողմից՝ հակակոռուպցիոն միջոցառումներ։ Համակարգի կարգավորման այս փուլում կիրառվող մի գործիք կարելի է համարել վեթինգը, որը նույնքան ժամանակատար է՝ հաշվի առնելով միջազգային փորձի ուսումնասիրությունը, անհրաժեշտ օրենսդրական բազայի ստեղծումը և գործնական քայլերի իրականացումը ամբողջ դատական համակարգում։ Փաստենք, որ անկախ այն բանից, թե որքանով է արդարացնելու այս գործընթացը, փաստացի, իշխանություններն ընտրել են այս գործիքը և դրա կրառումը բավական ժամանակ է պահանջելու։
  3. Տնտեսական գրավչությունը բացի քաղաքական կայունությունից ու իրավական դաշտի կարգավորումից ունի տնտեսական բաղադրիչ, որը ենթադրում է առաջին հերթին հարկային դաշտի ու օրենսդրության կարգավորում։ Նկատենք, որ այս խնդրի լուծումը կանգնած էր նաև նախկին իշխանությունների կոկորդին, որը, լինելով բարդ խնդիր, օբյեկտիվորեն ժամանակատար է՝ մինչև հայտնաբերվի մեր երկրի տնտեսական միջավայրին հարկային օրենսդրության լիակատար համապատասխանեցման մոդելը։

Էներգետիկ, ենթակառուցվածքային ոլորտ։ Սա պետության առավել մեծ ներդրումներ պահանջող և առավել քաղաքականացված խնդիրներից է, որը փոխկապակցված է ինչպես ԼՂ հիմնախնդրի, շրջափակման, այնպես էլ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների հետ։ Այս ոլորտի լայնությունն արդեն իսկ խոսում է զարգացման դժվարության ու դանդաղության մասին։

Դեմոգրաֆիան բնութագրվում է որպես հետևանք-խնդիր, քանի որ մի շարք առանցաքային խնդիրների հետևանք է։ Չի կարելի վերցնել և առանձին լուծել կամ փորձել լուծել դեմոգրաֆիկական խնդիրը. հարկավոր է նախ հասնել ներդրումների ներգրավման, աշխատավարձերի բարձրացման, աղքատության հաղթահարման, էներգետիկ, աշխարհաքաղաքական և մի շարք այլ խնդիրների լուծմանը։

Նշենք նաև, որ այս ամենն օբյեկտիվ մարտահրավերներ են ու հատուկ չեն միայն Հայաստանին։ Այս կանոններին է ենթարկվում աշխարհում ցանկացած պետություն ու հասարակություն։ Նմանատիպ հիմնարար խնդիրներ կարելի է դեռ շատ թվարկել և՛ գյուղատնտեսության, և՛ առողջապահության, և՛ իրավապահ մարմինների և՛ այլ ոլորտներում։

Արդ՝ ինչ են ցույց տալիս վերևում մեր բերած մի քանի օրինակները։ Ակնհայտ է, որ այդ բոլոր առանցքային խնդիրները փոխկապակցված են և առանց մեկի լուծման մյուսում հնարավոր չէ առաջընթաց ունենալ, երկրորդ՝ դրանք բոլորը տևական, գուցե տարիների ջանքեր պահանջող խնդիրներ են։ Հանրությունը նախկին իշխանությունից իր դժգոհությունն է հայտնել ու ձևավորել նոր կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ակնկալելով հենց այդ խնդիրների կարգավորում։ Բայց նույն հանրությունը շտապողական է տրամադրված ու, ինչպես արտացոլում է վերջին շրջանի մամուլը, պատրաստ չէ նոր կառավարությանը տալ բավարար ժամանակ դրանք լուծելու համար։

Խնդիրը հենց այստեղ է՝ հանրային ընկալման մեջ։ Իշխանությունների հասցեին հնչող ուղղորդված կամ ոչ ուղղորդված քննադատությունները ստեղծում են հանրային շտապողականություն։ 2019թ. ապրիլի վերջին «GALLUP International association»-ի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքներով՝ ընդհանուր առմամբ իշխանություններին վստահում է հասարակության  65 տոկոսը. այս ցուցանիշը սեպտեմբերին գրանցվածից պակաս է 10 տոկոսով: Ըստ ամենայնի՝ դա հետևանք է իշխանությունների ունեցած ժամանակահատվածի հետ հասարակական ոչ համարժեք ակնկալիքների։

Այս իրողությունը դիտարկելով իշխանություններին ուղղված քարոզչական մարտահրավերի պրիզմայով, կարելի է ընդգծել, որ մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված իշխանությունների ջանքերը պետք է ներառեն նաև այս առանցքային ու հիմնարար խնդիրների բնույթի մանրամասն լուսաբանում հանրային տարբեր շերտերի համար՝ տեղեկատվության համարժեք ընկալման, մանիպուլյացիաների ազդեցության նվազեցման նպատակով։

Հարկ է հանրությանը հավուր պատշաճի ներկայացնել իրականացվող դետալների կարևորությունը և հիմնարար խնդիրների լուծման գործում դրանց զբաղեցրած տեղն ու դերը, որպեսզի հանրության համար հասկանալի դառնա, թե ինչի համար է արվում այս կամ այն փոքր թվացող քայլը կամ ինչ նպատակի է այն ծառայելու ապագայում։


[1] «8-10 տոկոս նվազում կա». Արամ Նավասարդյանը՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին, 14.05.2019թ.